10 11 2021

«Կարճ ասած»․ Ընդդիմության ընդդիմությունը` Նիկոլի հաճախորդ



Իմ այսօրվա ընտրած թեման բավականին վաղուց է, որ մտքումս է, բայց մի տեսակ չէի անդրադառնում` մտածելով, որ ժամանակ է` կանցնի ամեն բան իր տեղը կընկնի, կպարզվի։ Բայց տեսնում եմ, որ չէ, չի անցնում, շարունակվում է, որոշեցի անդրադառնալ, իմ մտքերը ձեզ փոխանցեմ։ Անկեղծորեն, ես չեմ հասկանում, թե ինչ են ուզում մարդիկ, որոնք տարբեր չափերի ազդեցություն ունեն Հայ քաղաքացիական որոշ խմբերի վրա, ունեն համակիրներ, ունեն ընթերցողներ․ անընդհատ հարց է առաջանում, սրանք՝ ում և ինչի դեմ են պայքարում և որն է վերջնական նպատակը։ Կարծես թե ամեն բան պետք է որ պարզ լիներ, բայց պարզվում է, որ այդպես չէ։ Էկեք տեսնենք։  

Տեսեք, Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները շատերս դիտարկում էինք որպես պետության փրկության դուռ Նիկոլից ազատվելու միջոցով։ Իհարկե՝ կային նաև ուժեր, որ այս ընտրությունները դիտարկում էին խառը ժամանակների ընձեռած լավ հնարավորություն ԱԺ-ում խցկվելու համար, բայց դրանք դեռ մի կողմ։ Ո’չ Նիկոլից ազատվելը ստացվեց, ոչ էլ թվարկածս մյուս ուժերի փորձը։ Բայց Հայաստանում ձևավորվեց արդեն այլ տեսակի ընդդիմություն։ Բոլորիս աչքի առաջ են, թե ով ինչպիսի պայքար էր մղում, ինչպիսի գործարքների էր գնում և շատ բաներ էլ, որոնք աչքներիս առաջ չեն, առնվազն հստակ տեղեկություններ ունենք, թե ինչեր են կատարվել։ Դրա մասին չենք խոսել էն ժամանակ, քանի որ մեր թիրախում միայն հայ ժողովրդի հակառակորդ իշխանությունն էր ու այդ մասին չենք խոսում նաև հիմա, որովհետև մեր թիրախում դարձյալ այս իշխանությունն է։ Բայց կարևոր արձանագրումներ կան, որ պետք է անենք. Ես` լրագրողs, կփորձեմ իմ դիտարկումնեն ու փաստարկները ներկայացնել։ Դուք ձեր հերթին դատեք։

Ի՞նչու «Հայաստան» դաշինքին չհաջողվեց վռնդել այս իշխանություններին։ Այս հարցը շատ ենք տալիս մեկս մյուսին։ Իմ կարծիքով, պատճառներից մեկն ու ոչ վերջին տեղում, այն էր, որ ընտրության մասնակիցների մի մասը կապիտուլյանտ թիմից ոչ պակաս էին հարվածում Նիկոլի համար մեկ հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի թիմին։ Բոլորը Նիկոլի դեմ պայքարելուն զուգահեռ, մի պահից սկսած, պայքարում էին երկրորդ նախագահի դեմ։ Որքան էլ որ տարoրինակ հնչի, ինչ-որ պահից սկսած` Նիկոլին ընդանհրապես մոռացան, ու շարունակ պայքարում են նախագահ Քոչարյանի դեմ։ Քոչարյանինը պարզ էր՝ իր թիրախում երկիրը էս վիճակին հասցրած Նիկոլի իշխանությունն էր։ Իսկ Քոչարյանը ո՞ւմ թիրախում էր։ Պարզ է, կասեք՝ իշխանության։ Դա էլ է հասկանալի։ Բա էն մյուսները, որ իբր դավաճանի դեմ էին ելել, մեկ էլ տեսնես՝ Նիկոլից եռանդուն Քոչարյանին են քլնգում։ Մի պահ նենց տպավորություն էր, որ Նիկոլն արդեն գնացել է, Արցախի հարցերը լուծվել են, սահմանները անվտանգ են, կյանքը ուրախ-ապրուստը ձրի, մնում է Քոչարյանի հարցը լուծեն ու տաք արևի տակ պառկեն, հանգստանան։   

Պատերազմի ելքից, հետպատերազմյան իրականությունից ու ընտրությունների ելքից դասեր չքաղեցինք այդպես էլ։ Մարդիկ կան, չէ՞, որ Նիկոլ չեն ուզում, կարծես անգամ ատում են, բայց դե ոչինչ չեն անում, բացի խոսելուց կամ գրելուց, անողներին էլ պոզ ու պոչ են կպցնում։

«Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքը բավականին կարևոր էր որոշ ընդգծումների համար։ Հանրահավաքին ավտոբուսներով մարդիկ չէին բերվել, մարզպետներն ու քաղաքապետերը չէին հայտարարել՝ այսինչ հատվածում մեքենաները սպասում են։ Չէին սպառնացել, թե պետական գործից կհեռացվեք, ընտանիքով ելեք-եկեք։ Մարդիկ իրենք ելել-եկել էին։ Այսինքն, ինձ անձամբ հետաքրքիրը դա էր, հասկանալ՝ Հայաստանում կա՞ն բավարար թվով մարդիկ փողոցային գործընթացների համար։ Արձանագրվեց, որ կա։ Հիմա մամուլն ու ինտեռնետը առավոտից իրիկուն քննարկում է՝ Քոչարյանի հանրահավաքին քանի հոգի էր մանակցում, Դաշինքի հետ աապագա կա թե չկա, թուլացել է, լավ էր, վատ էր և այլն։

Հիմա, արդեն, իսկական ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ այս իշխանությունը Հայաստանը կործանման է բերել, զգաստանան, իրենք իրենց հարց տան՝ իրենք հիմա ո՞ւմ դեմ են պայքարում՝ Նիկոլի՞, թե՞ Քոչարյանի, որը պայքարում է սրանց դեմ։ Տպավորություն է, թե սահմանի լարվածություն չկա, զոհեր չկան, Երասխում չեն կրակում, Խաչիկ գյուղում չեն կրակում, Սյունիքում առաջ չեն գալիս, Շուշիից չեն կրակում-սպանում։ Տղերք, մի հատ եկեք հասկանանք՝ դուք հիմա ինչի՞ց եք վախենում, որ հարձակում եք սկսել Քոչարյանի դեմ։ Մի հատ հասկանանք էլի ձեր ուզածը։ Ուզում եք Նիկոլը հեռացվի, Քոչարյանը չի կարողանում, դուք ավելի արդյունավետ ձևեր գիտե՞ք, է արեք։ Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։

Ռոբերտ Քոչարյանի թե՛ պաշտոնավարման ժամանակ աշխատանքը, թե՛ այս իշխանազավթումից հետո աշխատանքը բոլորի աչքի առաջ է։ Մարդը հաղթել է պատերազմ, հայրենիք է ազատագրել բոլորիս համար, մարդը Հայաստան է կանգնեցրել ոտքի, տնտեսություն է վերականգնել փլուզումից հետո, բանակցել է ու ոչ մի թիզ չի զիջել, նրա օրոք ապրել եք Հայաստանի պատմության ամենախաղաղ ու իրականում ամենից հպարտ տարիները։ Պաշտոնավարումն ավարտել-գնացել է իր կյանքով ապրելու։ Իշխանզավթումից հետո առաջինը հենց նրա հետևից ընկան։ Չխուսափեց պատասխանատվությունից, եկավ, կանգնեց դեմները, նստացրեցին՝ նստեց, ապացուցեց, որ իր դեմ շինծու գործ է բացվել, վերականգնեց իր հեղինակությունը, որը 20 տարի հետևողականորեն փորձել են գցել։ Իր նկատմամբ քաղաքական հետապնդումից խոսելու փոխարեն բանտից հարցազրույց էր տալիս ու խոսում էր երկրի վիճակից, ասում էր՝ սխալ եք անում, երկրի ներսում, դրսում ու Արցախի վերաբերյալ քաղաքականությունը սխալ է ու այսպիսի արդյունքներ է ունենալու, ուշքի եկեք։  Չլսեցին, երկիրը տարան կործանման, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էր, որ պատասխանատվություն ստանձնեց ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնելու։ Այո, ընտրություններում հաղթել չհաջողվեց, բայց պայքարը չավարտեց, նույն իր կշռադատված համառությամբ շարունակում է։ Ես՝ որպես լրագրող, դա եմ տեսել և տեսնում։ Դու՛ք ի՞նչ եք տեսնում, այլ բան ե՞ք տեսնում քան ձեր աչքերը, կամ ականջներն են լսում։ Հիմա ի՞նչ եք ուզում։ Ինչ-որ մանր-մունր ստատուսչիներ մեղադրում են ո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի՞ն։ Ինչի՞ մեջ։ Որ լավ չի պայքարու՞մ․․․ է դուք ավելի լավ պայքարեք։ 

Այո, բարդ է, բարդ է Քոչարյանի գործը, որովհետև դժվար է մի իշխանություն փոխել, որը աներես է, սուտասան է, որին դեռ հավատում են, իսկ մնացածներն էլ փոխանակ օգնեն՝ քո դեմ են պայքարում, քեզ են քննում, քննադատում։ Ու ամենից խնդալուն էլ է դա, իրենցից ոչ մեկը պատրաստ չէ պատասխանատվությունը վերցնել, բայց քննադատում են, թե սա լավ չի, նա է սխալ, սենց մի արա, նենց արա։

Իսկ գուցե խնդիրը չի լուծվում ոչ թե նրա համար, որ ընդդիմությունն է վատը, այլ, որ ոչ բոլոր «ընդդիմադիրներն» են «ընդիմադիր», շահագրգիռ, որ Նիկոլը հեռանա։ Լավ հլը մի հատ հարց տվեք թե՛ որոշ հին ուժերի, թե՛ նոր ու նորահայտ ուժերի ու ենթադրվող հայտ ներկայացնողների՝ ինչի՞ է մի տեսակ սիրտներդ տաք էդ կապիտուլյանտների նկատմամբ։ Ի՞նչ է, ձե՞ռք է տալիս խոցելի ու խեղկատակ իշխանություն ունենալը։ Ունենաք, պահեք պահպանեք, որ ի՞նչ անեք։ Եթե ձեր հույսը էն ա, որ էնքան երկիրը քամվի, մինչև դուք թափ հավաքեք, ասեմ, որ դրա ժամանակը էլ չունեք։ Նախ եթե կարողանայիք, հիմա հավաքել էիք։ Երկրորդը, միքիչ էլ, տակը բան չի մնա, որ դուք էլ ձեր տեղը գտնեք․ ուղղակի բան չի մնա։

Ասում են՝ Քոչարյանի մտքին ի՞նչ կա, ի՞նչ ձևով է լուծելու հարցերը։ Հարց եմ տալիս էդ քաղաքական մտքի գիտակներին․ իսկ ինչո՞ւ պետք է նախագահ Քոչարյանը իր բոլոր քայլերը ձեզ պատմի, էլ չեմ ասում՝ ձեր կարծիքը հաշվի առնի։ Չէ, բայց ինչի՞, էլի։ Ինչ-որ ձևեր գիտեք, որը չի արվո՞ւմ, էլի եմ ասում՝ դուք արեք։ Պայքարի ձևը, ոճը, քայլերը դուրներդ չի՞ գալիս, հելեք արեք, որևէ մեկը ձեր ձեռքից բռնել է՞։ Չեք անելու, չէ՞, որովհետև ստատուսչիներ եք, ուրիշ բանի ընդունակ չեք, ֆեյսբուքով լայվ մտնեք կամ կոմպի դիմաց կռիվ տաք։ Կրկնում եմ՝ վա՞տ են անում, հել դու արա, քո օրինակը ցույց տուր, քա՞նի հոգու հետևներիցդ կտանեք, տարեք։ Թե չէ՝ դաշտը պղտորելը հեշտ է, գործ անելն է դժվար, Նիկոլը՝ ձեզ օրինակ։

Իմ կարծիքով, երկրորդ նախագահը սառնասրտորեն մտածում է, գիտակցում է, վերլուծում ու պատկերացնում է անելիքները։ Կարևորը՝ մտածում է այն, ինչը ինքն է անելու, ոչ թե՝ ով ինչ անի կամ չանի։ Ես էդպես եմ պատկերացնում։ Մենք մի բան գիտենք, որը ինքն անձամբ էլ է ասել, որ ինչ անում է, ոչինչ կիսատ չի թողնում, ոչ մի բան։ Ու եթե պետք լինի բարիկադներով քշել սրանց, լինելու է բարիկադներում։ Կարծում եմ՝ պետք է բավարարվել այդքանով, ոչ թե նստել ու տվայտվել, թե ով ինչ անի, էլ չեմ ասում՝ գնահատականներ տալ։

Կարճ ասած՝ երկրորդ նախագահը ուժեղ մարդ է, բոլորդ գիտեք, ասածին տեր կանգնող է։ Ինձ որպես քաղաքացու, մտահոգ լրագրողիս մնում է միայն վստահել։ Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Վստահում ես, արի միացիր ընդհանուր պայքարին, չես վստահում՝ գնա քո ճանապարհով, փորձիր հաջողություն ունենալ, ու հավատացեք՝ բոլորս կողջունենք։ Բոլորս կողջունենք ցանկացածին, ով կարող է այս իշխանությանը քշել։ Բայց մի՛ մոռացիր, որ պատերազմին Քոչարյանը չի հասցրել ու վարել, կապիտուլյացիան «Հայաստան» դաշինքը չի ստորագրել, Նիկոլն է տորագրել, ու պետք է պայքարել այս ՔՊ-ականների խմբակի դեմ։ Կրկնում եմ՝ որոշեք կոնկրետ որտեղ եք։ Եթե միայն խանգարելն է ձեր անելիքը, ուրեմն դուք ոչ թե ընդիմադիր եք սրանց, այլ կողմնակից։ Կողմնորոշվե՛ք։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ